1 ապրիլի 2024 - 18:18 AMT
ՀԱՊԿ–ն իր պատասխանատվության գոտին է համարում ՀՀ ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետսահմաններով

ՀԱՊԿ–ից պատասխանել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ–ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին հարցին։ Նշվել է, որ ՀԱՊԿ–ն իր պատասխանատվության գոտին է համարում ՀՀ ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետսահմանների շրջանակում, գրում է ՌԲԿ–ն։

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ ՀԱՊԿ–ից, եթե կազմակերպությունը չպատասխանի այն հարցին, թե որն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։

Կազմակերպությունում ասել են, որ պատասխանատվության գոտու մասին ձևակերպումը բավական բարդ է, և այն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան առարկայական պատասխան ստանալ:

«Ըստ 2010թ․ փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ում, պատասխանատվության գոտին անդամ պետությունների ինքնիշխան տարածքն է։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը երկկողմանի կարգավորված է Հայաստանի և նրա հարևանների միջև», - ասել են կազմակերպությունից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Kathimerini հունական պարբերականին տված բացառիկ հարցազրույցում, անդրադառնալով ՀԱՊԿ հետ հարաբերություններին, ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, հայկական կողմի գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես՝ 2021 և 2022թթ.: Խոսելով մասնակցությունը սառեցնելու մասին՝ նա նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ որոշումները չի արգելափակում, բայց դրանց չի մասնակցում։