2 ապրիլի 2024 - 11:07 AMT
ԵՄ առաքելությունը՝ Ադրբեջանի պնդումներին․ Ռազմական որևէ արտառոց տեղաշարժ դիտորդները չեն նկատել

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը, արձագանքելով Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությանը, X-ի իր միկրոբլոգում կրկին հայտնել է, որ դիտորդները ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։

Նշվում է, որ Զատկի հանգիստ ու խաղաղ երկուշաբթին էր։

«EUMA-ն ապրիլի 1–ին կրկին պարեկություն է իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում, մեր դիտորդները ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։ Զատկի հանգիստ ու խաղաղ երկուշաբթին էր»,- ասված է գրառման մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը և հայտնել Ադրբեջանի ԶՈւ կողմից հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին։

Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

«Միևնույն ժամանակ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ուղղություններում խախտումներ չեն արձանագրվել»,–ասվում է հաղորդագրության մեջ։