ԿԳՄՍ–ն և Գաֆէսճեանը կգործակցեն Վենետիկի բիենալեում ՀՀ մասնակցության հարցում![]() 2 ապրիլի 2024 - 11:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի միջև ստորագրվել է պետություն-մասնավոր գործակցության վերաբերյալ հուշագիր։ Այն ստորագրել են նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը: Հուշագրի նպատակը Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի կազմակերպումն ու ժամանակակից արվեստի ոլորտում հետագա համագործակցության շրջանակի ընդլայնումն է։ Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի ազգային տաղավարը ներկայանալու է ֆրանսահայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» նախագծով, որի համադրողն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը, իսկ կոմիսարը՝ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։ «Մասնավորի հետ համագործակցությունն ապահովում է գործընթացի ճկունություն և բարձր պրոֆեսիոնալիզմ: Ուրախ ենք, որ այնպիսի կարևորագույն միջոցառմանը, ինչպիսին Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեն է, Հայաստանը ներկայանալու է ոլորտում լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի նախագծով: Մեր նպատակն է քայլել աշխարհին համահունչ, արդիական մոտեցումներով ու լինել նորարար, ինչն էլ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի այցեքարտերից է»,-ասել է Դանիելյանը: «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի ազգային տաղավարը Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում։ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը, որը բացի նախագիծն իրականացնողից՝ նաև գլխավոր հովանավորն է, ամեն ջանք գործադրում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պատշաճ ներկայանա միջազգային հանրությանը: Նախագծով ցանկանում ենք աշխարհին փոխանցել մեր օրերում այնքան պակասող հոգևոր արժեքների գաղափարը. հիմնական ուղերձն է դադար առնել և նայել մեր հոգու խորքը, վերարժևորել ունեցածն ու այն տեսանելի դարձնել»,-ընդգծել է Մարաբյանը: Համաձայն հուշագրի՝ Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի ողջ ժամանակահատվածում «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը հանդիսանալու է գլխավոր հովանավորը և աջակցելու է ազգային տաղավարի կազմակերպմանը և ֆինանսավորմանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն էլ պարտավորվում է կազմակերպական, տեղեկատվական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել ազգային տաղավարի կազմակերպմանը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |