2 ապրիլի 2024 - 13:22 AMT
Կլաար․ ԵՄ առաքելությունը բաց է նաև Բաքվի հետ գործակցության համար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը ՀՀ–Ադրբեջան սահմանին, նշել է, որ Հայաստանում տեղակայված առաքելությունը թափանցիկության ապահովման կարևոր գործառույթ է իրականացնում։

Նա նաև նշել է, որ ԵՄ առաքելությունը բաց է նաև Բաքվի հետ գործակցության համար։

«Առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար, եթե կան խնդիրներ, դրանք պետք է լուծվեն անվտանգ միջավայրում, ինչպես, օրինակ, Վրաստանում տեղակայված ԵՄ առաքելությունն է դա ապահովվում բոլոր կողմերի հետ կանոնավոր շփումների միջոցով»,- ասված է գրառման մեջ։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը, արձագանքելով Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությանը, X-ի իր միկրոբլոգում կրկին հայտնել է, որ դիտորդները ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։

«EUMA-ն ապրիլի 1–ին կրկին պարեկություն է իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում, մեր դիտորդները ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։ Զատկի հանգիստ ու խաղաղ երկուշաբթին էր»,- ասված է գրառման մեջ։