3 ապրիլի 2024 - 15:12 AMT
ՔՊ պատգամավոր. Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից՝ այն, ինչ մերը չէ, վերադարձվելու է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշի մարզից, հայտնում է «Ազատությունը»։

Ի պատասխան այն հարցին, թե ինչու Հայաստանը չի առաջարկել սահմանազատումը սկսել այն տարածքներից, որոնք ադրբեջանական կողմն օկուպացրել է, ՔՊ-ական պատգամավորը կոչ է արել այդ հարցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տալ։

«Կարող եք այդ հարցն Ալիևին տալ, շատ մեծ խնդիր է եղել բերել այդ դաշտ և սկսել սահմանազատումն ինչ-որ մի տեղից։ Մի դրական բան եղավ սկսել սահմանազատումը, սկսվեց, հիմա, Ադրբեջանն առաջարկել է սկսել հյուսիսային սահմանից, սկսել ենք»,–ասել է նա:

Դիտարկմանը, թե փաստորեն Ադրբեջանի ցանկությամբ է հայկական կողմն առաջնորդվում, Խաչատրյանն արձագանքել է․ «Բա Ադրբեջանի հետ ենք բանակցում»:

Խաչատրյանը նաև ասել է, թե այն, ինչ մերը չէ, վերադարձվելու է Ադրբեջանին, գրում է Aysor.am-ը։

«Նույն կերպ Ադրբեջանը պետք է վերադարձնի այն տարածքները, որոնք օկուպացրել է»,- նշել է նա։

Խաչատրյանի խոսքով՝ Երևանը որևէ քարտեզ չի համապատասխանեցնում Բաքվի հետ։

«Երևանը միջազգայնորեն ճանաչված քարտեզ ունի, սահմաններ ունի, մենք դա որևէ մեկի հետ չպետք է համաձայնեցնենք. դա Ալմաթիի հռչակագրով հաստատված քարտեզն է»,- նշել է ՔՊ-ականը։

Լրագրողի դիտարկմանը, թե միայն Հայաստանի իշխանությունն է ասում, որ Տավուշի գյուղերն ադրբեջանական են՝ նա արձագանքել է. «Դուք կասկածո՞ւմ եք, որ քարտեզով դրանք ադրբեջանական են, լո՞ւրջ եք ասում»։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։