3 ապրիլի 2024 - 18:40 AMT
Փոխվարչապետի գրասենյակ․ Սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սահմանազատում իրականացնելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունից ավելի քան երեք շաբաթ անց սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ երկու երկրների հանձնաժողովները մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն, տեղեկացնում է «Ազատությունը»։

Փոխվարչապետի գրասենյակից լրատվամիջոցը հետաքրքրվել էր՝ արդյոք սահմանազատման հանձնաժողովների աշխատանքները մտնում են գործնական փուլ, Հայաստանի սահմանազատման հանձնաժողովը համաձայնե՞լ է սահմանազատումը սկսել Տավուշի մարզից, կա՞ հստակ ժամկետ, թե երբ պետք է Ադրբեջանին վերադարձվեն պահանջված 4 գյուղերը, Բաքուն կո՞ղմ է որպես ահմանազատման հիմք ընդունել Ալմաթիի հռչակագիրը:

Այս բոլոր հարցերի վերաբերյալ, պարզվում է, դեռ որոշում և համաձայնություն չկա. ինչպես փոխվարչապետի գրասենյակն է փոխանցում՝ քննարկումներ են ընթանում:

Փոխվարչապետի գրասենյակից նաև ասել են, որ հանձնաժողովների հաջորդ հանդիպման վերաբերյալ դեռևս պայմանավորվածություն չկա:

Մինչդեռ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորհրդարանում հայտարարել էր, թե սահմանազատման գործընթացն արդեն սկսվել է, և այն ամեն գնով պետք է առաջ մղել:

«Դուք կասկածո՞ւմ եք, որ քարտեզում դրանք ադրբեջանական են։ Եթե դա ադրբեջանական տարածք է, տրվելու է իրենց, որը մեր տարածքն է, պետք է տրվի մեզ, եղա՞վ։ Իսկ գյուղացիք ինչ են մտածում, որ իրենց գյուղն ավելի մեծ լինի, երեք գետ ավելի լինի… ճանապարհի հարցն էլ է լուծվելու, բոլոր հարցերն էլ լուծվելու են, բայց այն, որ մեզ հարմար է, որ Ադրբեջանի տարածքը մերը լինի, շատ հարմար է, մի հազար հեկտար որ լիներ, վապշե լավ կլիներ», - ասել էր պատգամավորը։

Նա նաև ասել էր, որ Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։