4 ապրիլի 2024 - 18:18 AMT
Սարգսյանը՝ Տավուշի գյուղերի մասին․ Մեծ խնդիրներ են լինելու, եթե հանձնվեն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղ իրեն հանձնելու Բաքվի պահանջին, ասել է, որ այդ դեպքում մեծ խնդիրներ կլինեն։

«Ես բազմաթիվ անգամներ եղել եմ մեր հայրենիքի այդ հատվածներում, այդ տեղանքը հիմա էլ աչքիս առաջ է։ Ամենամեծ պրոբլեմը կայանում է նրանում, թե ինչի հիման վրա ենք մենք այդ գյուղերը հանձնում Ադրբեջանին, ցանկացած դիվանագիտական թեթև կուրս անցած մարդը գիտի, որ եթե համաձայնեցված չէ որևէ փաստաթղթի վերջին կետը՝ նախորդ բոլոր կետերն համաձայնեցված չեն։ Այսինքն, սա բանակցությո՞ւն է, սա սահմանազատման գործընթա՞ց է, թե՞ ուղղակի ադրբեջանական պահանջին հագուրդ տալ է»,- ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Անդրադառնալով Փաշինյանի պնդմանը, որ եթե չտանք, ադրբեջանցիները կհարձակվեն՝ նա հետևյալ դիտարկումն է արել՝ մենք կարո՞ղ ենք մտածել, որ վաղը կամ մյուս օրը Ադրբեջանը կարող է պայման դնել ու ասել, որ եթե Սյունիքը չտաք ՝ կհարձակվեն։

«Սա ի՞նչ մոտեցում է։ Իսկ կոնկրետ գյուղերի հետ կապված՝ շատ մեծ պրոբլեմներ են լինելու։ Ավելին, մինչև այդ որոշումը կայացնելը նրանք չգիտեին, թե ինչ է այնտեղ տեղի ունենալու, թե ինչպե՞ս են հայերն ու ադրբեջանցիները կողք-կողքի ապրելու, թե ինչո՞ւ պետք է նրանք մեր հանրապետություն մտնող գազատարը անվնաս թողնեն։ 1990-ականների սկզբին ՀՀ իշխանություններին մեծ ջանքերի գնով հաջողվեց վերջ տալ գազատարների պայթեցմանը։ Եթե իրենց թվում է, թե արդեն ամեն բան լավ է ու հայերն ու ադրբեջանցիները եղբայրացել են՝ սխալվում է»,–ասել է նա։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։