5 ապրիլի 2024 - 11:40 AMT
ԱԽ քարտուղարի գլխավորած պատվիրակությունը կայցելի Շվեդիա, Ֆինլանդիա և Լիտվա

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա, Ֆինլանդիա և Լիտվա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել համապատասխան գործուղման մասին։

Աշխատանքային հանդիպումներին պատվիրակության կազմում կմասնակցեն Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Արշակ Մուսախանյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանը։

Գործուղումը կմեկնարկի Բելգիայից։ Արմեն Գրիգորյանն ապրիլի 5–ին Բրյուսելում կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ հանդիպմանը մեկնած պատվիրակության կազմում է։

«Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ պատվիրակության Բելգիայի Թագավորությունից (Բրյուսել) ապրիլի 7-8-ը ներառյալ գործուղել Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ), ապրիլի 8-10-ը ներառյալ՝ Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի) և ապրիլի 10-12-ը ներառյալ՝ Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս), իսկ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Տաթև Անտոնյանին Հայաստանի Հանրապետությունից (Երևան) 2024 թվականի ապրիլի 8-10-ը ներառյալ գործուղել Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի)»,- ասվում է որոշման մեջ։