ԱՄՆ սենատորները Բայդենի վարչակազմին կոչ են արել ապահովել ԼՂ ղեկավարների ազատ արձակումը

ԱՄՆ սենատորները Բայդենի վարչակազմին կոչ են արել ապահովել ԼՂ ղեկավարների ազատ արձակումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ սենատորներ Էդ Մարքին, Բիլ Քեսիդին, Թոմ Թիլիսը և Գարի Փիթերսը նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին՝ որպես բանակցությունների նախապայման, առաջնահերթություն տալ հայ ռազմագերիների և Արցախի քաղաքական ղեկավարության ազատ արձակմանը, որոնք ապօրինաբար կալանավորված են Ադրբեջանի կողմից, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Նամակը, որը կոչ է անում Պետդեպարտամենտին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որակել որպես էթնիկ զտումների ակտ, ընդգծում է Բայդենի վարչակազմի կողմից միջազգային երաշխիքների ներքո հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքի պաշտպանությունը ապահովելու անհրաժեշտությունը: Թեև Բայդենի վարչակազմը պաշտոնապես հաստատել է վերադարձի իրավունքը մի քանի հրապարակային հայտարարություններով, այն չի ձեռնարկել որևէ շոշափելի գործողություն՝ երաշխավորելու ապահով և անվտանգ պայմանները, որոնք անհրաժեշտ են հայերի՝ հետապնդումից զերծ լինելու և իրենց տներում խաղաղ ապրելու համար, գրում է Shantnews.am-ը։

Մեկնաբանելով խաղաղ բանակցությունների կարգավիճակը՝ սենատորները նշել են, որ Արցախի քաղաքական ղեկավարությանը գլխատելու Ադրբեջանի ջանքերը «էթնիկ զտումներ իրականացնողների հայտնի մարտավարությունն են»։ Նրանք մտահոգություն են հայտնել «խաղաղ գործընթացին մասնակցելու իրենց ազատության և կարողության ժխտման կապակցությամբ»: Նամակում, մասնավորապես, ընդգծվում է Արցախի ներկա և նախկին ղեկավարների, այդ թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի շարունակվող անօրինական կալանավորումը:

Սենատորները եզրափակել են իրենց նամակը՝ կոչ անելով վարչակազմին «պնդել Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ փոխգործակցության մեջ, որ բանտարկյալների ազատ արձակումը պետք է նախապայման լինի կամ գոնե ձեռք բերված ցանկացած խաղաղ համաձայնագրի պայման», ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար:

Բաքուն կալանքի տակ է պահում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---