Փաշինյան․ Հավատարիմ ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին

Փաշինյան․ Հավատարիմ ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին

PanARMENIAN.Net - Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի, Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը հավատարիմ է նաև Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը և տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը հիմնված է երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների լիարժեք հարգման վրա»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

«Ես հավատում եմ, որ ժողովրդավարական, խաղաղ ու բարգավաճ ապագայի մեր ընդհանուր տեսլականը կշարունակի ծառայել որպես մեր փոխվստահելի հարաբերությունների հիմնասյուն», - հավելել է Փաշինյանը։

Բրյուսելում մեկնարկել է ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, որը Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումն անհանգստացնում է Մոսկվային, քանի որ «Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ խոսում են դրա հակառուսական ուղղվածության մասին»։

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---