ԱՀՀ-ը հիասթափված է Հայաստանին հատկացվող օգնության ծավալները կրճատելու մասին Վաշինգտոնի որոշումից

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ) սխալ է համարում ԱՄՆ վարչակազմի որոշումը, որի համաձայն Վաշինգտոնը կրճատել է 2010 ֆինանսական տարում Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Մենք հիասթափված ենք վարչակազմի այդ որոշումից: ԱՀՀ-ը համագործակցելու է ամերիկյան կոնգրեսականների եւ նահանգապետերի հետ, որպեսզի Հարավային Կովկասում հավասարակշռության խախտում թույլ չտա»,- ընդգծել է ԱՀՀ տարածաշրջանային տնօրենը` ավելացնելով, որ ԱՄՆ վարչակազմը պետք է գիտակցի տարածաշրջանում հավասարակշռության պահպանման կարեւորությունը: Նրա խոսքերով, ԱՀՀ-ը վարչակազմի ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքին, որ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են Հայաստանի շրջափակումը: «Մենք կարծում ենք, որ այդ հանգամանքը պետք է հաշվի առնվի ֆինանսական օգնություն հատկացնելու մասին որոշում ընդունելու պահին»,- ընդգծել է Արփի Վարդանյանը:



ԱՄՆ վարչակազմը կրճատել է 2010 ֆինանսական տարում Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալը: Բյուջեի նախագծում նաեւ խախտված է Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հավասարությունը: Մասնավորապես, ԱՄՆ վարչակազմն առաջարկում է 2010 ֆինանսական տարում Հայաստանին հատկացնել 30 մլն դոլար: Ավելին, այս անգամ բյուջեի մեջ ընդգրկված չէ ԼՂ-ին հումանիտար օգնություն տրամադրելու մասին կետը, այն դեպքում, երբ 2009 ֆինանսական տարում ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ ԼՂՀ-ին հատկացվել է 8 միլիոն դրամի հումանիտար օգնություն:



Բացի դրանից, վարչակազմն առաջարկում է 2010 ֆինանսական տարում Հայաստանին հատկացնել 3 մլն դոլար ռազմական օգնություն, Ադրբեջանին` 4 մլն դոլար: Ռազմական ուսուցման ծրագրի (IMET) շրջանակներում Հայաստանի համար նախատեսվում է 450 հազար դոլար, իսկ Ադրբեջանի համար` 900 հազար դոլար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---