Freedom House–ն էթնիկ զտում է որակել ԼՂ հայաթափումը և նշել՝ Ադրբեջանը շարունակել է սպառնալ ՀՀ գոյությանը

Freedom House–ն էթնիկ զտում է որակել ԼՂ հայաթափումը և նշել՝ Ադրբեջանը շարունակել է սպառնալ ՀՀ գոյությանը

PanARMENIAN.Net - Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան՝ Nations in Transit 2024 զեկույցը, որտեղ զուգահեռներ է անցկացրել Ռուսասատնի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման միջև՝ վերջինս որակելով որպես «էթնիկ զտում»:

Ըստ իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, Հայաստանի ժողովրդավարությանն ուղղված ջանքերի վրա բացասական ազդեցություն է ունեցել «Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռեժիմի դաժան հարձակումը», ինչի հետևանքով այնտեղ ապրող ավելի քան 120 հազար հայեր ստիպված եղան փախչել և հիմնականում բնակություն հաստատել Հայաստանում, գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Ադրբեջանական ռեժիմի ներխուժումը և Լեռնային Ղարաբաղի վերացումը բացասական ազդեցություն ունեցավ հենց Հայաստանում ժողովրդավարության վրա: Այսինքն՝ Հայաստանի ներսում հաստատությունները ստիպված էին պայքարել ոչ միայն այնտեղ ժողովրդավարական կառավարում ապահովելու և բարեփոխումներ իրականացնելու մարտահրավերի դեմ, այլ նաև Լեռնային Ղարաբաղի տարածքից փախստականների հոսքի ավելացման մարտահրավերի»,- ասել է զեկույցի համահեղինակ, Freedom House-ի ավագ փորձագետ Մայք Սմելտզերը:

Զուգահեռներ անցկացնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների միջև՝ զեկույցը փաստում է. «2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ վերջնական հարձակման հիմնական պատճառն ամենևին էլ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Կրեմլի ներխուժումը չէր: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղուց էր բացահայտ կերպով խոսում հայկական անկլավի դե ֆակտո անկախությունը վերացնելու իր մտադրության մասին»,- ընդգծում է զեկույցը՝ հավելելով, թե, այդուհանդերձ, Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը հնարավորության դուռ բացեց [Ադրբեջանի համար] նվաճելու Լեռնաին Ղարաբաղը, քանի որ «Կրեմլի ուշադրությունն ու ռեսուրսները շեղվեցին Կովկասում իր խաղաղապահ պարտավորություններից, իսկ ժողովրդավարական աշխարհը կլանված էր Կիևին աջակցելու ուղղությամբ»:

Զեկույցը փաստում է՝ Լեռնային Ղարաբաղում դե ֆակտո իշխանության ու պաշտպանության համակարգի փլուզումը հարկադրեց 120 հազար հայերին հեռանալ՝ «իրենց կյանքը փրկելու համար»: Զեկույցը դա որակել է որպես «էթնիկ զտումներ»:

«Մեր զեկույցում օգտագործում ենք «էթնիկ զտում» եզրն ավելի քան 120,000 էթնիկ հայերի մասին խոսելիս, որոնք Լեռնային Ղարաբաղի տարածքից ստիպված են եղել փախչել ադրբեջանական զինուժից: Նրանցից շատերը, իհարկե, հայտնվել են Հայաստանում»,- նշել է զեկույցի համահեղինակը:

Միաժամանակ, զեկույցում նշված է․ «Ադրբեջանի զինուժը շարունակում էր սպառնալ Հայաստանի Հանրապետության գոյությանը` նախորդ տարիների ընթացքում բազմաթիվ բախումներից հետո՝ բռնազավթելով այդ երկրի տարածքի մի մասը»:

«Մենք տեսել ենք ավտորիտար էքսպանսիայի ընդլայնման կործանարար հետևանքները, ինչպես Ուկրաինայում, ինչպես Լեռնային Ղարաբաղում: Հիմքեր չկան հավատալու, որ այսքանով այն կդադարի: Մենք փաստացի տեսնում ենք, որ այս ավտոկրատիաներին հակազդելու անկորողությունը մեծացնում է դրանց էքսպանսիայի ընդլայնման շարունակման հավանականությունը»,- ասում է զեկույցի համահեղինակը:

Ալիևի քաղաքական և ռազմական հաղթանակները կարող են ճանապարհ հարթել Բաքվի կողմից նոր տարածքային պահանջների ներկայացմանը՝ ասված է զեկույցում, ուր նաև անդրադարձ կա Ադրբեջանի նախագահի պաշտոնը հերթական անգամ ստանձնելիս՝ երդմնակալության արարողության ժամանակ Ալիևի ելույթին, որը, ըստ Freedom House-ի, հայկական տարածքների նկատմամբ հավելյալ պահանջներ ներկայացնելու ապացույց էր:

Իրավապաշտպան կազմակերպությունը նախազգուշացնում է՝ ԱՄՆ կամ ԵՄ կողմից պարտադրված զսպման մեխանիզմների բացակայության պայմաններում՝ Կովկասում առկա է «ավտորիտար ագրեսիայի ակնհայտ վտանգ»: Մայք Սմելտզերը, սակայն, որոշակի փոփոխություններ է տեսնում Հայաստանին արևմտյան աջակցություն ցուցաբերելու հարցում՝ մատնանշելով օրերս Բրյուսելում կայացած հանդիպումներն ու դրանց արդյունքները:

Զեկույցն ընդգծում է. «Որոշ ժողովրդավարական երկրներ զգալի աջակցություն են ցուցաբերել Ուկրաինային, սակայն երբ ադրբեջանցի զինվորականները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանեցին ավելի քան 120 հազար հայերի, միջազգային հանրությունը հիմնականում արձագանքել է խորհրդանշական կոչերով և մտահոգություն արտահայտելով: ԵՄ-ն շարունակում է հույսը դնել ադրբեջանական էներգակիրների վրա և անտեսել նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից մարդու իրավունքների խախտումները՝ ակնհայտորեն առաջնային տեղ տալով քաղաքական և տնտեսական նպատակահարմարությանը, քան հիմնարար արժեքներին ու երկարաժամկետ շահերին»:

Իրավապաշտպան կազմակերպության գնահատմամբ, ժողովրդավարական երկրների կողմից մարդու իրավունքների խախտումների հետևողականորեն դատապարտման բացակայությունը ոգեշնչում է բռնապետերին և վնասում միջազգային նորմերի պահպանմանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---