Պեդրո Խիսդոնյանն ընտրվել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ

Պեդրո Խիսդոնյանն ընտրվել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ

PanARMENIAN.Net - Ուրուգվայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Պեդրո Խիսդոնյանն ընտրվել է Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ։ Այդ մասին հայտնել է Ուրուգվայում Հայաստանի դեպանությունը, տեղեկացնում է Արմենպրեսը։

Ընտրությանը նախորդած ելույթներում ուրուգվայցի խորհրդարանականներն առանձնահատուկ ընդգծել են պատգամավորի հայկական ծագումը և վերջինիս ընտրության կապակցությամբ շնորհավորել նաև ուրուգվայահայ համայնքին:

Պեդրո Խիսդոնյանն իր ելույթում անդրադարձել է իր հայկական արմատներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին:

«Բազմաթիվ օրենսդիրներ հիշատակեցին իմ նախնիների ծագումը, հեռավոր հայրենիք Հայաստանը, որը ինչպես 20-րդ դարի սկզբում, այսօր ևս դժվարին ժամանակներ է ապրում, և տեղեկություններ են ստացվում Ադրբեջանի և նրա հանցակիցների կողմից բռնության և անհանդուրժողականության դեպքերի մասին, որոնք պետք է դատապարտվեն: Ուրուգվայն աշխարհին օրինակ է ծառայել՝ առաջինը պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Մարդու իրավունքների, ազատ և խաղաղ ապրելու իրավունքի պաշտպանությունը հիմնարար նշանակություն ունի»,- նշել է Խիսդոնյանն իր ելույթում։

ՀՀ և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992–ին։

Հայերն Ուրուգվայում սկսել են հաստատվել 19-րդ դարից։ 1835 թվականին հիշվում է առաջին ներգաղթողը Խուան Ակուստին Աքսարյանը, իսկ 1850 թվականին երեք կալվածքների տեր Մարիա Պելինճյանը։ Ուրագվահայ գաղութն սկսել է կազմավորվել 1920-ական թվականներին, երբ Մեծ եղեռնից փրկված և Մերձավոր Արևելքի երկրներում ապաստանած հայ գաղթականների ստվար խմբեր հաստատվել են Ուրուգվայում։ Ուրուգվայում մոտ 20,000 հայ կա։

Ուրուգվայն առաջին երկիրն է, որը 1965 թվականին պաշտոնապես ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը՝ ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր»։ 1971 թվականին Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկը, որտեղ կանգնեցված է Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձան-կոթող, կոչվել է Արմենիա:

 Ուշագրավ
«Ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը»,–ասել է նա
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
---