Մարզերում շտապօգնության կանչը կսպասարկի ամենամոտ գտնվող մեքենան

Մարզերում շտապօգնության կանչը կսպասարկի ամենամոտ գտնվող մեքենան

PanARMENIAN.Net - ՀՀ մարզերում շտապօգնության կանչը սպասարկվելու է ըստ ամենամոտ գտնվող մեքենայի։ Այդ մասին Ազգային ժողովում 2023 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի մարզերում շտապօգնության կայանների բաշխվածության մասին հարցին։

Նախարարը նշել է, որ այս տարի արդեն իսկ մեկնարկել է շտապօգնության հանրապետական ծառայության հիմնադրումը, և արդեն ստեղծվել է «Գյումրու շտապօգնություն» ՓԲԸ–ն, որը միավորել է ամբողջ Շիրակի մարզը։ Հաջորդ մարզը, որտեղ կիրականացվի այս ծրագիրը, Արագածոտն է լինելու, հայտնում է Sputnik Արմենիան։

«2025 թ. մենք պետք է ունենանք մեկ միասնական շտապօգնության ծառայություն։ Ինչո՞ւ է սա կարևոր։ Այսօր մեր շտապօգնության ծառայությունը մարզային ենթակայություն ունի, երբեմն ավելի մոտ գտնվող մեքենան ֆիզիկապես չի կարող գնալ սպասարկման, քանի որ այդ մեքենան պատկանում է այլ բժշկական կենտրոնի և տվյալ սպասարկման դաշտն իրենը չէ։ Այսպիսով մենք փոխում ենք սպասարկման ամբողջ սկզբունքը, և կանչը սպասարկվելու է ըստ ամենամոտ գտնվող մեքենայի»,– ասել է նա։

Ավանեսյանը նշել է, որ քարտեզագրում են արել բնակչության տեղակայման, հիվանդացության հիմնական օջախների, սեզոնայնության հաշվարկմամբ` գնահատելու իրական պահանջարկն ըստ բաշխվածության, աշխարհագրական դիրքի և ճանապարհների։

 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
---