ԱՄՆ դեսպան․ ՀՀ-ին խորհուրդ չենք տալիս խզել հարաբերությունները որևէ երկրի հետ

ԱՄՆ դեսպան․ ՀՀ-ին խորհուրդ չենք տալիս խզել հարաբերությունները որևէ երկրի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՀՀ-ին խորհուրդ չի տալիս խզել հարաբերությունները որևէ երկրի հետ, այլ փորձում է Հայաստանի հետ աշխատել այն ոլորտներում, որոնք երկիրն է մատնանշել, որպեսզի օգնի նրան դիվերսիֆիկացնել իր շփումները։ Այդ մասին նա ասել է՝ պատասխանելով հայ–ռուսական հարաբերությունների մասին հարցին, հայտնում է «Ազատությունը»։

Հարցին՝ եթե Ռուսաստանն անցնի ՀՀ հանդեպ կոշտ քայլերի, Միացյալ Նահանգները կոնկրետ ի՞նչ քայլերի կարող է դիմել՝ պաշտպանելու Հայաստանին, նա պատասխանել է. «Ես չեմ ուզում քննարկել հիպոթետիկ բաներ, որոնք կարող են տեղի ունենալ։ Միգուցե այն, ինչ ես կարող եմ անել, մի փոքր խոսելն է այն մասին, թե ինչ ենք մենք հիմա անում, որպեսզի օգնենք Հայաստանին լինել ավելի ուժեղ և անկախ: Մենք Հայաստանին խորհուրդ չենք տալիս խզել հարաբերությունները որևէ երկրի հետ։ Մեր տեսակետը, իմ անձնական տեսակետը, որպես դիվանագետի, ով ծառայել է նախկին Խորհրդային Միության տարածքում, հետևյալն է՝ որքան շատ ընկերներ, դաշնակիցներ ունենաք, որքան ավելի շատ առևտրային գործընկերներ ունենաք, որքան ավելի շատ արտահանման շուկաներ ունենաք, այնքան ավելի ուժեղ կլինեք, որովհետեւ ոչ մի երկիր չի կարող այդ հարաբերությունների պատանդը դարձնել ձեզ:

Ուստի, մենք փորձում ենք Հայաստանի հետ աշխատել այն ոլորտներում, որոնք Հայաստանն է մատնանշել, որպեսզի օգնենք նրան դիվերսիֆիկացնել իր շփումները։ Ոչ թե կտրել մեկը կամ մյուսը, այլ՝ դիվերսիֆիկացնել:

Մենք մի քանի բան ենք անում այդ ոլորտում: Մեկն այն է, որ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն աշխատել են օգնելու Հայաստանին բարելավել սեփական բերքատվությունը, որպեսզի այդքան շատ ստիպված չլինեք հիմնական ապրանքներ ներմուծել: Օգտակար է նաև բերքի պահեստավորումը, քանի որ կարող եք գնել պարենային ապրանքներ, երբ դրանք ավելի էժան են, և պահել այնքան, մինչև դրանց կարիքը ունենաք, գուցե երբ դրանք ավելի թանկ կլինեն: Սրանք հիմնական բաներն են, որոնք օգնում են երկրին պարենի տեսանկյունից ավելի անկախ դառնալ ու ստիպված չլինել հույսը դնել այս կամ այն վրա:

Մենք նաև փորձում ենք օգնել Հայաստանին էներգետիկ բալանսի առումով։ Օրինակ, Հայաստանը սկսում է ավելին անել վերականգնվող էներգետիկայի ոլորտում, և մենք փորձում ենք աշխատել՝ օգնելու այդ ճանապարհին: Մենք նաև փորձում ենք օգնել Հայաստանին մտածել, թե ինչ կարող է լինել Մեծամորի ատոմակայանի փակումից հետո՝ մոտ մեկ տասնամյակ անց: Մենք փորձում ենք ուղիներ փնտրել՝ Հայաստանը դարձնելու ավելի ուժեղ, ավելի անկախ և ունենալ տարբեր աղբյուրներ և առևտրային գործընկերներ, որոնք Հայաստանին թույլ կտան ունենալ ճկունություն և ազատություն՝ հույսը մեկի վրա չդնելու և ինչ-որ մեկի թելադրանքի տակ չլինելու համար»։

Ընթերցեք նաև․ ԱՄՆ դեսպան․ ՀՀ համար շտապօգնության զրահապատ մեքենաների տրամադրման հարցում պայմանավորվել ենք առաջ գնալ

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---