Վարչապետ․ ՀՀ-ն, ինչպես և Ղազախստանը, կարևորում է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը

Վարչապետ․ ՀՀ-ն, ինչպես և Ղազախստանը, կարևորում է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Egemen Qazaqstan և «Կազախստանսկայա պրավդա» թերթերին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, կարևորում է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը:

«Այս համատեքստում, ՀՀ կառավարությունը ներկայացրել է մեր տարածաշրջանի համար լայնածավալ «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագիծը, որը ենթադրում է մի շարք տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ստեղծում և արդիականացում։ Այս նախագծի նպատակն է՝ ստեղծել առավել բարենպաստ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, ինչպես նաև էապես մեծացնել Հարավային Կովկասի տարածաշրջանի լոգիստիկ ներուժը՝ հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության նկատմամբ լիարժեք հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա»,–ասել է վարչապետը։

Նշվել է, որ 2023 թվականին Ղազախստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 23 տոկոսով, ինչը հաստատում է բիզնեսի պայմանները հեշտացնելու համար ստեղծված մեխանիզմների արդյունավետությունը։

«Այնուամենայնիվ, կարելի է համաձայնել, որ պահանջվում են հետագա քայլեր փոխգործակցության նոր ձևերի որոնման համար, որոնք ուղղված են ոլորտային համագործակցությունը որակապես նոր՝ մեր երկրների առկա ներուժին ու զարգացման առաջնահերթություններին համապատասխան մակարդակի հասցնելուն։

Այս առումով առանձնահատուկ պատասխանատվություն է կրում Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։ Նրա հերթական՝ տասներորդ նիստը, կայացել է այս տարվա ապրիլի սկզբին։ Հաշվի առնելով այն առանձնահատուկ ուշադրությունը, որը հատկացվեց տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացման և արտահանման-ներմուծման և տարանցման գործարքների նոր շղթաների բացահայտման խնդիրներին, մոտ ապագայում կարելի է ակնկալել համապատասխան արդյունքներ։ Ավանդական ոլորտների հետ մեկտեղ, ինչպիսիք են սննդի և ոսկերչության արդյունաբերությունը կամ դեղագործությունը, կարելի է խոսել նաև նորարար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին (համատեղ ստարտափների բացում, սարքաշինություն, կրթության թվայնացում, ոլորտային ներդրումների խթանում և այլն)»,–ասել է վարչապետը։

Ապրիլի 15–ին մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ղազախստանի նախագահ Կասիմ ժոմարտ Տոկաևը։ Տոկաևը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

 Ուշագրավ
---