Դադիվանքը վտանգված է․ Բաքուն հայտարարել է՝ քայլեր է ձեռնարկելու

Դադիվանքը վտանգված է․ Բաքուն հայտարարել է՝ քայլեր է ձեռնարկելու

PanARMENIAN.Net - Դադիվանքը, որտեղից մի քանի օր առաջ հեռացել են ռուս խաղաղապահները, որոնք այնտեղ էին տեղակայվել 44–օրյա պատերազմից հետո՝ պաշտպանելու հայկական կոթողը, հայտնվել է վտանգի տակ՝ Բաքուն հայտարարել է, թե քայլեր է ձեռնարկելու իբր «հայերի վանդալիզմի հետ կապված»։

Դեռևս 2023–ի մայիսին Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին հայտարարել էր, թե հայ հոգևորականները պետք է հեռանան Դադիվանքից, քանի որ «կապ չունեն այդ վանքի հետ»։ Նա ասել է, թե վանքը դասվում է Կովկասյան Աղվանքի հուշարձաններին և որ աղվանա-ուդիական քրիստոնյա համայնքը «վաղ թե ուշ կլուծի այդ հարցը»։

Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան ասել է, թե անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվելու՝ Դադիվանքում «հայերի կողմից իրականացված վանդալիզմի հետ կապված», հայտնում է APA-ն։

Նա նաև հավելել է, թե «Ղարաբաղի բոլոր հուշարձանները Ադրբեջանի մշակութային և պատմական ժառանգության մասն են կազմում, և այդ հուշարձանների պահպանությանն ուղղված և այլ անհրաժեշտ ընթացակարգեր կիրականացվեն»,- ասել է նա;

Հաջիևան նաև հայտարարել է հայկական Ամարասում «դիտարկում անցկացնելու մասին»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախում գտնվող Դադիվանքի հայկական միջնադարյան վանական համալիրի «պաշտպանությունը ռուս խաղաղապահները փոխանցել են Ադրբեջանի ոստիկանությանը»։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---