Արսեն Խառատյան․ Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է

Արսեն Խառատյան․ Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է

PanARMENIAN.Net - Կոնֆլիկտաբան, «Ալիք Մեդիայի» գլխավոր խմբագիր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով սահմանազատումը Տավուշից սկսելու որոշմանը, գրել է, որ տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է:

Նա հավելել է, որ եթե այս տրամաբանությամբ շարունակվի՝ Տավուշին հաջորդելու է Տիգրանաշենը, հետո՝ Վարդենիսը, հետո՝ Ծափաթաղը, հետո թերևս միջանցքը, մնացածն էլ կմնա Ալիևի երևակայությանը։

«1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր դելիմիտացիայի սկիզբ դնելով, առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու:

2. Զիջումը միակողմանի է, առանց ծպտուն հանելու Ջերմուկի, Ներքին Հանդի, Սեւ լճի և այլ հատվածներում 2020-ից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մասին:

3. Հայաստանի այս միակողմանի զիջման միակ բացատրությունը Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու «փաստարկն» է, ինչը՝ պետք է, և կարող է դիվանագիտական ճանապարհով արվեր։

Ինչպե՞ս․

1. Խոսել և ամեն օր հիշեցնել արցախահայության էթնիկ զտման և Ադրբեջանում շարունակ ահագնացող հայատյացության մասին

2. Առանց արցախահայության վերադարձի իրավունքի հարցը հասկանալու՝ անհնար է լինելու իրական համակեցության մասին խոսելը ադրբեջանցիների հետ

.3. Միակողմանի զիջումներ անելով խաղաղության մասին խոսելը ոչ թե լուծում է, այլև պարտություն-հաղթանակ (win-lose) շղթայի շարունակություն, որտեղ Հայաստանը շարունակ պարտվում է

Ասելիք շատ կա: Առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնամ տեղի ունեցողին, սակայն, եթե այս տրամաբանությամբ շարունակվի՝ Տավուշին հաջորդելու է Տիգրանաշենը, հետո՝ Վարդենիսը, հետո՝ Ծափաթաղը, հետո թերևս միջանցքը, մնացածն էլ կմնա Ալիևի երևակայությանը: Այդ նույն ընթացքում օկուպացիայի տակ կշարունակի մնալ Ջերմուկը, Սեւ Լիճը, Ներքին Հանդն ու Սիսիանի լեռները: Հետո պահանջվելու է ետ կանչել Հաագայից Ադրբեջանի դեմ դատական հայցերը, դա էլ մի այլ հիմնավորմամբ են անելու:

Գործող քաղաքական մեծամասնությունը մեծ նվաճում է որակում Ալմաթիի հռչակագիրը՝ առանց քարտեզ՝ ամորֆ մի փաստաթուղթ, որի վերաբերյալ բացի Հայաստանից, այդ տեքստի տակ ստորագրած որևէ այլ երկիր կարծես թե չի խոսում: Այսինքն, այդ փաստաթղթի հիմքով նախկին ԽՍՀՄ տարածքի որևէ երկու այլ հարևան պետություն միմյանց միջև հարաբերություններ կարգավորելը օրակարգում չէ:

Էլ չեմ ասում գերիների վերադարձի խնդիրն անգամ օրակարգ մտցնելու անկարողությունը: Բանակն ու դիվանագիտությունը այո ուղիղ փոխկապակցված են, իմա՝ որքան ուժեղ ես մի կողմում, այնքան ուժեղ կարող ես լինել մյուսում: Նիկոլ Փաշինյանը թույլ է երկուսում էլ, ուրեմն ի՞նչ, մի ողջ երկիր ու ժողովուրդ դատապարտված է անվերջ պարտությա՞ն:

Աշխատասենյակում Արարատի նկարն Արագածով փոխարինելու, Տիգրանաշենը՝ Քյարքի, վաղն էլ թերևս Վարդենիսը Բասարքեչար անվանելով չի լինելու խաղաղության պայմանագիր: Պատգամավորի հետ հանրայնորեն վատ պահվածքի համար ոստիկանական բռնությամբ քաղաքացուն նվաստացնելով ու Freedom House-ներին գրողի ծոցն ուղարկելով Քաղաքացու օր նշելո՞ւց եք խոսում:

Շատ բարակ սառույցի վրայով եք քայլում տիկնայք և պարոնայք ու ոչ միայն չեք համեստանում՝ ներքին համերաշխության հասնելու փորձեր անելով, այլև Ազգային ժողովի հարթակն ու այդ սենյակի ձեր մեծամասնությունն օգտագործելով բացարձակ ճշմարտությունների դիրքից՝ «մենք մեր պատմությունը երբեք չենք գրել» (Չամչյանը գերեզմանում շուռ է գալիս) ու Հայոց ցեղասպանության զոհերի ճշգրիտ թվերից եք խոսում:

Մեծամտության, պրիմիտիվության ու անկրթության այս հորձանուտը պետք է դադարի, այլապես կորցնելու եք մարդկային վստահության այն վերջին փշրանքները, որ 2021-ին որպես քվե տրվել է ձեզ ու 2018-ի ժողովրդական զարթոնքին:

Խաղաղության նպատակի, իսկ իրականում պարզ մորթապաշտական մղումներով ամեն հնարավոր ձախողում արդարացնելու ճանապարհը կարճ է: Ի վերջո, աննկարագրելի դաժանություններ տեսած մեր ժողովուրդը չի ամլացել, նրա արգանդը չի չորացել, իսկ մեր լավագույն օրերն առջևում են, ձեզ հետ, թե առանց ձեզ...»,–ասվում է գրառման մեջ։

ՀՀ և Ադրբեջանի սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Ապրիլի լույս 20–ի գիշերը Տավուշում իրավիճակը լարված է եղել․ հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---