Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել

Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։

Տավուշցիները մինչև առավոտյան 05։30 եղել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհին։ Այժմ էլ Կիրանցում են ու փորձում են հստակ հասկանալ, թե ինչ պետք է անեն, գրում է Sputnik Արմենիան իր աղբյուրի վրա հղումով։

Ըստ աղբյուրի, որ գիշերը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գնացել են հավաքվածների մոտ։ Մարզպետը փորձել է հանդարտեցնել իրավիճակը, վստահեցրել է ամեն ինչ լավ կլինի, բայց նրա ասածը չի համոզել գյուղացիներին։ Վաղ առավոտյան Բագրատ Սրբազանը Ոսկեպարում բնակիչներին ասել է, որ պետք է ոչ թե գյուղ–գյուղ բողոքի ակցիաներ անել, այլ հավաքվել ու միասնական պայքար սկսել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով այսօր նրանք կրկին պատրաստվում են հավաքներ անցկացնել։

Կիրանցի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ապրիլի 19–ին հրապարակված քարտեզների հիման վրա չափագրումներ անելու համար մասնագետներ են եկել իրենց գյուղ։

«Տեսա իրենց, խնդրեցի չանեն, մինչև հասկանանք ինչ է լինելու։ Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, իմ արվեստանոցը, դպրոցն է քանդվելու, հարևանիս տունը, իմ տունը։ Այս ամենը պետք է քանդվի, որ ճանապարհն անցնի։ Թույլ չենք տալու ոչ մի բան»,– նշել է ակցիայի մասնակիցը։

Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը ու թե ինչպես է անցնելու ճանապարհը, բազմաթիվ հարցեր էլ անպատասխան են մնացել։ Տավուշցի երիտասարդը վստահեցրել է, որ Նոյեմբերյանի շրջանում չկա մի բնակիչ, որը համաձայն է կամ հաշտ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Տավուշի մարզում սահմանագծման կամ սահմանազատման հետ կապված մտքերի հետ։

Կիրանցի մեկ այլ բնակիչ էլ նշել է, որ իրենք պատրաստ են կռվով պայքարել, ավելի լավ է այդպես, քան ուղղակի տարածքները հանձնվեն ու, օրինակ, իրենց գերեզմանների մի մասը հայտնվի Ադրբեջանի տարածքում կամ քանդվի։

ՀՀ և Ադրբեջանի սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Ապրիլի լույս 20–ի գիշերը Տավուշում իրավիճակը լարված է եղել․ հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---