Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով

Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով

PanARMENIAN.Net - Ստեփանավան այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հանդիպմանն ու կայացված որոշմանը։

Նա հայտարարել է, որ այդ որոշումը էականորեն նվազեցնելու է անվտանգային այն ռիսկերը, որն առկա է Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ընդհանրապես Հայաստանի սահմանի ամբողջ երկայնքով, գրում է «Հայկական ժամանակը»։

«Որովհետև եթե դուք նկատել եք, մենք պայմանավորվել ենք այս հատվածի վերաբերյալ, բայց նաև հիմնարար սկզբունք ենք որդեգրել հետագա սահմանազատման ողջ գործընթացի համար, ինչը նշանակում է, կարող ենք բոլոր վիճահարույց հարցերը արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն նստել և բանակցությունների սեղանի շուրջ լուծել»,- ասել է վարչապետը:

Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև Հայաստանի Հանրապետության համար:

«Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանը արդեն երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և հաստատեցին, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը:

Սա կարևոր նրբություն է, որովհետև դուք գիտեք, որ 1988-1991 թվականներին տարբեր շարժեր և իրադարձություններ են եղել: Հենց այս քննարկումների շուրջ առանցքային բանավեճերից մեկը նա էր, թե ինչպես ձևակերպել, որ հենց նկատի առնվի ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանների վերարտադրման փաստը: Մենք սա շատ կարևոր ձեռքբերում ենք համարում:

Ուզում եմ նաև արձանագրել, որ այս իրադարձությունը համարում եմ անկյունաքարային մեր ինքնիշխանության, անկախության, զարգացման հաջորդ փուլի համար: Բայց սա անկյունաքար է և այս անկյունաքարի շուրջ մենք պետք է կարողանանք այդ կառուցման, ստեղծման գործընթացն իրականացնել»,- ասել է վարչապետը։

ՀՀ և Ադրբեջանի սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Ապրիլի լույս 20–ի գիշերը Տավուշում իրավիճակը լարված է եղել․ հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Ակցիան շարունակվում է նաև ապրիլի 20–ին։

 Ուշագրավ
---