Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից

Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանավանում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ապրիլի 19–ի պայմանավորվածություններից հետո ռուսական հենակետերը Տավուշից դուրս բերելու հարց կդրվի, թե ոչ, հայտարարել է, որ ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից։

ՌԴ սահմանապահները 2021 թվականի օգոստոսին են տեղակայվել սահմանամերձ Ոսկեպար համայնքում։

Փաշինյանը վստահ է` Տավուշի մարզում սահմանազատման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները կկարողանան միմյանց հետ փոխգործակցել, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ռուսական հենակետերն այդտեղ հայտնվել են մեկ իրադրությունից ելնելով։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է։ Նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է։ Դա կնշանակի, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելու են ու ինքնուրույն ի վիճակի են լինելու սահմանի պահպանություն իրականացնել»,– նշեց Փաշինյանը։

Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել, զինվորներին էլ պետք է թույլ տալ, որպեսզի մի փոքր հանգստանան։

«Կարծում եմ պատմական բան է տեղի ունենալու։ Սահմանագծերին էլ որոշակի նախնական նշաններ կհայտնվեն, որի մի կողմում կգրվի Հայաստանի Հանրապետություն, իսկ մյուս կողմում` Ադրբեջան։ Սա լրջագույն փոփոխություն է, ու մենք ոչ թե հասել ենք այն իրավիճակին, որին ուզում էինք, այլ մենք ոտք դրեցինք այն ճանապարհին, որով մենք պետք է հասնենք։ Մեր ոտքն այժմ ուղիղ ճանապարհի վրա է, շատ կարևոր է այդ ճանապարհից չշեղվելը»,– նշել է նա։

ՀՀ և Ադրբեջանի սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Ապրիլի լույս 20–ի գիշերը Տավուշում իրավիճակը լարված է եղել․ հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Ակցիան շարունակվում է նաև ապրիլի 20–ին։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---