Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի

Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ստեփանավանում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով ձեռք բերված պայմանավորվածությանը, վստահեցրել է, որ եթե Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի քաղաքացիների իրավունքներին, նույն բնակավայրում նոր տներ կկառուցի:

«Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ: Նույնը վերաբերում է նաև Կիրանցին: Կիրանցի հետ կապված մեր խոսակցությունների ժամանակ շատ աշխատանքային դետալների մեջ չենք խորացել: Սակայն և՛ Կիրանցում, և՛ Ոսկեպարում ես ասել եմ, որ, եթե հանկարծ սահմանազատման գործընթացում կպարզվի, որ ինչ-որ տների, հողամասերի հետ կապված խնդիր կա, բնականաբար մենք մեր բոլոր քաղաքացիների իրավունքներին տեր կկանգնենք: Եթե նման անհրաժեշտություն լինի, մենք նույն բնակավայրում նոր տներ կկառուցենք»,–ասել է Փաշինյանը, գրում է Արմենպրեսը։

Նա խոսել է քարտեզների շեղումների մասին. այն քարտեզները, որոնք օգտագործվում են սահմանազատման համար, երբ դառնում են նկարագրություն, որոշակի շեղումներ ունենում են:

Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար:

«Տարբերությունն ինչն է. ադրբեջանական գյուղերում մարդիկ չեն ապրում, մեր գյուղերում մարդիկ ապրում են: Ոսկեպար և Աշաղը Ասկիպարա գյուղերը Խորհրդային Միության ժամանակ իրար մեջ են եղել, Կիրանց և Խեյրեմլի գյուղը շատ մոտ են եղել: Բոլոր հարցերը կլուծվեն, բոլոր հարցերը լուծելի են»,-նշել է Փաշինյանը:

Վարչապետը և՛ Ոսկեպարի, և՛ Կիրանցի բնակիչների հետ հանդիպմանը վստահեցրել է՝ եթե կծագեն նման խնդիրներ, բնականաբար, դրանց լուծումը կառավարությունը կգտնի: Պետությունը կլսի և լուծումներ կգտնի նաև այն մարդկանց մտահոգություններին, որոնց տները սահմանազատումից հետո ՀՀ տարածքում կլինեն, սակայն որոշակի մտավախություններ կունենան:

Կիրանցի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ապրիլի 19–ին հրապարակված քարտեզների հիման վրա չափագրումներ անելու համար մասնագետներ են եկել իրենց գյուղ։

«Տեսա իրենց, խնդրեցի չանեն, մինչև հասկանանք ինչ է լինելու։ Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, իմ արվեստանոցը, դպրոցն է քանդվելու, հարևանիս տունը, իմ տունը։ Այս ամենը պետք է քանդվի, որ ճանապարհն անցնի։ Թույլ չենք տալու ոչ մի բան»,– նշել է ակցիայի մասնակիցը։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---