Հայաստանը լրացուցիչ 1,6 մլն դոլարի հատկացման հայտ է ներկայացնում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհուրդը քննարկել եւ հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային (ՀՄԿ) ներկայացվող արտահերթ հատկացման հայտը եւ դրան կից փաստաթղթերը, որոնք ընդգրկում են եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները եւ ամփոփ հաշվետվությունը, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը:



«ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ հատկացումների արտահերթ հայտով նախատեսվում է ընթացիկ եռամսյակի (ապրիլ-հունիս) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարային համակարգի միջոցով ստանալ լրացուցիչ ֆինանսավորում 1 մլն 580 հազար 741 ԱՄՆ դոլարի չափով: Լրացուցիչ ֆինանսավորումը, ըստ գլխավոր գործադիր տնօրենի, ստանալու դեպքում կուղղվի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան ծրագրի Գյուղական ճանապարհների վերականգման ենթածրագրի շրջանակներում առաջին փաթեթում ընդգրկված ճանապարհների 2008թ. կնքված 6 պայմանագրերով կատարվելիք վերականգնման աշխատանքների անխափան իրականացմանը: Արա Հովսեփյանը նշել է, որ 2009 թվականին 6 պայմանագրերում ընդգրկված 16 ճանապարհային կապերում աշխատանքները վերսկսվել են ապրիլ ամսից: Նախատեսվում է մինչեւ 2010թ. հունիսի 30-ը վերականգնել 272.9կմ ճանապարհահատված: Կապալառու կազմակերպությունների կողմից մշակված ժամանակացույցի համաձայն, 2009թ. ապրիլ եւ մայիս ամիսներին կիրականացվեն 1 մլրդ 952 դրամի շինարարական աշխատանքներ:



Արտահերթ հատկացման հայտը` «ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահի կողմից վավերացվելուց հետո, կներկայացվի ՀՄԿ-ի հաստատմանը:



Խորհուրդը քննարկել եւ հաստատել է նաեւ ՀՄՀ-Հայաստան ծրագրի գնումների վերանայված պլանը, «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան ծրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչի կառուցվածքային ամրապնդման ենթաբաղադրիչը գնահատելու նպատակով ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) եւ ջրօգտագործողների հետազոտության անցկացման խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի նախագիծը` հանձնարարելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մեկշաբաթյա ժամկետում մեկ անգամ եւս քննարկել եւ, անհրաժեշտության դեպքում, առաջարկություններ ներկայացնել նախագծի վերաբերյալ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---