11 մայիսի 2009 - 13:33 AMT
Առանց բանակցություններին ԼՂՀ մասնակցության հակամարտությունը չի կարող հանգուցալուծվել
Շուշիի ազատագրման օրը Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միավորման օրն է: Այդ մասին Շուշիում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: «Մեր զոհերը երբեք զուր չեն եղել, մենք հաղթեցինք ծանր պատերազմում»,-ասել է պետության ղեկավարը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմը չի դադարեցնում եւ չի էլ դադարեցնելու ռազմատենչ հայտարարություններն ու հակահայկական հիստերիան: «Մենք մեկ ճանապարհ ունենք, այն, որն ընտրել են Հայաստանն ու Ղարաբաղը` դա ոգու եւ հավատքի տոկունությունն է, որը հաղթանակ բերեց մեզ: Այժմ մեր հայրենիքին ոչինչ չի սպառնում, մեր բանակը պատրաստ է հակահարված տալ թշնամուն»,-ասել է Սահակյանը:

ԼՂՀ նախագահը նշել է նաեւ, որ նա ոչ մի տարաձայնություն չունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Հայաստանի նախագահը գործադրում է բոլոր ջանքերը վերադարձնելու համար ԼՂՀ ներկայացուցիչներին բանակցությունների սեղանի մոտ, քանի որ առանց մեր մասնակցության հակամարտության ոչ մի լուծում չի կարող լինել»,-ասել է Բակո Սահակյանը: