29 ապրիլի 2024 - 15:52 AMT
«Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով պայքարի դուրս եկած հանրային բոլոր ուժերին և անհատներին ձևավորել պայքարի միասնական ճակատ, իսկ ընդդիմադիր խմբակցություններին՝ առաջին իսկ պատեհ պահին նախաձեռնել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը։

Միևնույն ժամանակ, իշխանական խմբակցության բոլոր անհատ պատգամավորներին, որոնք չեն արատավորել իրենց անունը ՀՀ ինքնիշխանության և սահմանադրական կարգի դեմ խոսքով կամ գործով, կոչ են անում դուրս գալու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ «հետագայում նոր խորհրդարանական մեծամասնության ձևավորմանը մասնակցելու և սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու հեռանկարով»։

««Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության` մեկ շաբաթ առաջ տարածած հայտարարությունում ասվում էր, որ ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման հիմնական նախապայմանն իշխող վարչախմբի նկատմամբ անվստահության գործընթաց սկսելն է՝ կանխելու միակողմանի զիջումները և հայկական տարածքների հանձնումը թշնամուն, մանավանդ երբ վերջինս շարունակում է լկտիանալ և նորանոր պահանջներ առաջադրել Հայաստանին։

Տավուշում սկսված ժողովրդական ընդվզումն անցած օրերին տարածվեց Հայաստանի ողջ տարածքով՝ անմասն չթողնելով որևէ մարզ կամ համայնք։ Հայաստանի քաղաքացիներն ամենուրեք իրենց բողոքն են հայտնում երկրի տարածքների հանձման դեմ՝ հստակորեն գիտակցելով, որ Տավուշում վարչախմբի կողմից իրականացվող միակողմանի զիջումներին հաջորդելու են նորերը՝ ծնկի բերելով Հայաստանի Հանրապետությունը և հարցականի տակ դնելով նրա բուն գոյությունը։

Զրկված լինելով հանրային որևէ աջակցությունից՝ վարչախումբը ստիպված է դիմել սեփական ժողովրդի դեմ համատարած ոստիկանական բռնության՝ բիրտ ճնշման միջոցով փորձելով լռեցնել սկսված ընդվզումը։ Այս պայմաններում վարչախմբի հեռացումը դառնում է միարժեք հրամայական, ինչը հնարավոր է հանրային ընդվզմանը մասնակցող բոլոր ուժերի համագործակցության և համակարգված աշխատանքի շնորհիվ։

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը, շարունակաբար լինելով Հայաստանի ինքնիշխանության համար մղվող պայքարի առաջնագծում, ներկայումս պայքարի դուրս եկած հանրային բոլոր ուժերին և անհատներին կոչ է անում ձևավորելու պայքարի միասնական ճակատ, Հայաստանի հանրությանը ներկայանալու այս ճգնաժամից դուրս գալու հստակ տեսլականով և միասնական քաղաքական առաջնորդությամբ, որն իրական վստահություն կներշնչի մեր երկրի քաղաքացիներին և նոր որակ կհաղորդի Տավուշում սկսված հայրենատիրության պայքարին։

Ցանկանում ենք առանձնահատուկ ընդգծել ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բացառիկ դերը՝ որպես պայքարի հոգևոր առաջնորդ և ոգեշնչող, և հույս հայտնել, որ դա թույլ կտա արագացնել այս գործընթացը։

Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցություններին կոչ ենք անում իսպառ հրաժարվել գործող վարչախմբի հետ հետագա ցանկացած ինստիտուցիոնալ փոխգործակցությունից և առաջին իսկ պատեհ պահին նախաձեռնել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը»,-նշված է հաղորդագրությունում։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Այժմ տեղադրված է 28 սյուն՝ դա աշխատանքի 35 տոկոսն է կազմում։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: