30 ապրիլի 2024 - 17:18 AMT
Գալստյան․ ԿԲ–ն պատրաստ է համարժեք գործողությունների՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4%-ի ապահովման համար

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ԿԲ-ում հրավիրված մամուլի ասուլիսում ասել է, որ ԿԲ խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար։

Նա ասել է, որ 2024-ի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս, հայտնում է Aysor.am-ը։

«12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ մարտին կազմելով -0.7 տոկոս։ Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր»,-ասել է Գալստյանը։

Նրա խոսքով՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ։