2 մայիսի 2024 - 12:16 AMT
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերեվույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու մեղադրանքով, հայտնում է Քննչական կոմիտեն։

Պարզվել է, որ ապրիլի 30-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանը, իր լրագրողի մասնագիտական գործունեությունն իրականացնելու նպատակով, գտնվել է ՀՀ ազգային ժողովի բակում, երբ նրան է մոտեցել ԱԺ պատգամավորներից մեկի (Լևոն Քոչարյանի, խմբ.) օգնական Ա․Ս․-ն (Արթուր Սուքոյանը, խմբ․), ով վիրավորելով լրագրողին՝ պարզաբանում է պահանջել՝ Դավիթ Լևոնյանի կողմից, որպես լրագրող, օրեր առաջ սոցիալական ցանցում տեսանյութ հրապարակելու կապակցությամբ: Ի պատասխան՝ Դավիթ Լևոնյանը պարզաբանել է, որ հանդիսանում է լրագրող, իր կողմից տարածված տեսանյութն իր՝ լրագրողի ազատ խոսքն է և անձնական կարծիքը: Խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում Ա.Ս.-ն հայհոյել է լրագրողին և, իրեն ոչ ցանկալի տեսանյութեր տարածելուց հրաժարվելուն հարկադրելու դիտավորությամբ, ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին, ինչի պատճառով լրագրողը վայր է ընկել, իսկ նրա ձեռքին եղած տեսախցիկը վնասվել է։

«Այնուհետև Ա.Ս.-ն, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու վճռականությամբ, շարունակել է լրագրողին տեղեկություն տարածելուց հրաժարվելուն հարկադրելու գործողությունները և հետագայում նմանատիպ տեսանյութեր չհրապարակելու սպառնալիքներ հնչեցրել՝ այդ կերպ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով խոչընդոտելով Դավիթ Լևոնյանի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Դատարան ներկայացնելու նպատակով նրան ձերբակալելու որոշում է կայացվել, և տվյալ անձը ձերբակալվել է, ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։

Միջնորդություն է հարուցվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: