2 մայիսի 2024 - 13:24 AMT
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են

Ներքին գործերի նախարարությունը հերքել է տարածվող լուրերը, թե Տավուշի մարզում բերման ենթարկված անձինք ծեծի են ենթարկվել։

«Մամուլում հրապարակումներ են եղել, թե իբր ոստիկանության բաժին տանելիս նշված անձանց ծեծի են ենթարկել։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ մայիսի 2–ին Տավուշի մարզում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է տարվել 30 անձ։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո բոլորն ազատ են արձակվել։

ՆԳ նախարարությունը հորդորում է չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ։

Մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու հետևանքով գյուղում լարված վիճակ էր ստեղծվել, կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն։