2 մայիսի 2024 - 16:03 AMT
Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն ու մտահոգությունը օտար միջամտությանը վերագրելը խայտառակություն է։

Նա նաև անընդունելի է համարել անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականների պիտակավորումը։

«Հաջորդ Ազգային Ժողովում մի մանդատ ունենալու համար պայքարի ելած փսևդոդեմոկրատները իրար հերթ չտալով Տավուշի մարզի ժողովրդի անկեղծ բողոքն ու մտահոգությունը վերագրում են օտար միջամտությանը: Այդ խոսույթը և վարքը, ուղղակի խայտառակություն է և դատապարտելի:

Ուշադիր հետևում եմ, թե ինչպես է կեղտոտ գործակալների մի խումբ օրը երեք անգամ եթերից եթեր վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող, չհամաձայնող մարդկանց ու հոգևորականներին:

Հիշե՛ք, դեմոկրատիայի անունից խոսացող փոքրիկ դիկտատորներ, համաձայն չլինելու իրավունքը հիմնարար իրավունք է և ամեն չհամաձայնողին պիտակավորողը ժողովրդավարության անունից խոսացող մանր ժուլիկ է, շարքային օպորտունիստ: Հանգիստ մնացեք ու հիշեք, որ ձեզ դեմքով ճանաչում ենք»,–ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Ապրիլի 29–ի դրությամբ տեղադրվել է արդեն 35 սյուն, դա աշխատանքի կեսից ավելին է կազմում։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: