2 մայիսի 2024 - 16:53 AMT
Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին փակ հանդիպման են հրավիրելու։

«Ուզում ենք ստանալ շատ հստակ հարցի պատասխան՝ արդյո՞ք իրենց կողմից ֆինանսավորվող բարեփոխումների ծրագրի վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատումն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, թե միջազգային հանդիպումներում տպավորություն է, որ այդ մարդիկ չեն տիրապետում Հայաստանում ստեղծված վիճակին կամ «կեղծ լուրերի տակ են»։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ ասել է, թե ուզում են առարկայական քննարկում անցկացնել՝ հասկանալու համար, թե այն, ինչ ներկայացվել է, սա՞ է։

«Մեր հանդիպման հրավերը նպատակ ունի ճշգրտելու մոտեցումներն ու հասկանալու, թե առարկայական առումով ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Ապրիլի 29–ի դրությամբ տեղադրվել է արդեն 35 սյուն, դա աշխատանքի կեսից ավելին է կազմում։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: