2 մայիսի 2024 - 17:49 AMT
Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին պաշտոնից ազատելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեղեկացնում է Factor.am-ը։

Ավելի վաղ NEWS.am-ը, իր աղբյուրներրին հղումով, գրել էր, որ առաջիկայում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի: Պատճառը, ըստ լրատվամիջոցի, առողջապահության ոլորտում վերջերս բացահայտված ենթադրյալ չարաշահումների դեպքերն են, որոնք ուղղակիորեն կապված են Ավանեսյանի պաշտոնավարման ընթացքում մասնավոր բժշկական հաստատություններին հատկացված մեծածավալ պետպատվերների և քրեական վարույթներով բացահայտված ուշագրավ այլ փաստերի հետ։

Անահիտ Ավանեսյանի հնարավոր հրաժարականի վերաբերյալ նրա մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն ասել է, որ հարցի հասցեատերն իրենք չեն։

Ապրիլի 16-ին տեղեկություններ տարածվեցին, որ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում։