2 մայիսի 2024 - 18:54 AMT
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր։

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Ընդգծելով Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման, 1991թ. Ալմաթիի հռչակագրին հանձնառության կարևորությունն ու այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԳՆ կողմից արտահայտված դիրքորոշումը:

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Ապրիլի 29–ի դրությամբ տեղադրվել է արդեն 35 սյուն, դա աշխատանքի կեսից ավելին է կազմում։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: