2 մայիսի 2024 - 18:57 AMT
Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ իր երկիրը մայիսի 2–ից խզում է հարաբերություններն Իսրայելի հետ՝ Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողություններն անվանելով «Պաղեստինի ժողովրդի ցեղասպանություն»։

Ավելի վաղ Կոլումբիան դադարեցրել էր զենքի գնումներն Իսրայելից:

«Վաղը կխզվեն դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ, քանի որ նրանց կառավարությունն ու նախագահը ցեղասպանություն են գործում»,–ասել է Պետրոն մայիսմեկյան շքերթի ժամանակ, հայտնում է BBC-ին։

Իսրայելի իշխանությունները Պետրոյի խոսքերն անվանել են հակասեմական և ատելություն բորբոքող և հայտարարել են, որ Կոլումբիայի նախագահի դիրքորոշումը հավասարազոր է ՀԱՄԱՍ–ի գովաբանմանը։

Կոլումբիայի Հրեական համայնքների համադաշնությունը երկու երկրների հարաբերություններն անվանել է եղբայրական և կոչ է արել «պահպանել այդ կապերը՝ բաց թողնելով երկխոսության ուղիները»։

Պաղեստինյան ծայրահեղական խմբավորումը կատարվածը «հաղթանակ է» կոչել։

Իսրայելը սկսել է հարձակումը Գազայի դեմ ՀԱՄԱՍ–ի հոկտեմբերի 7–ի հարձակումից հետո, որի հետևանքով 1200 իսրայելցի սպանվեց և ավելի քան 250 պատանդ վերցվեց։ Այդ օրվանից ի վեր, ըստ ՀԱՄԱՍ–ին ենթակա Գազայի առողջապահության նախարարության, զոհվել է ավելի քան 34,000 պաղեստինցի, իսկ բնակչության մեծ մասը ստիված է եղել լքել իր տները։

Իսրայելը հայտնել է, որ Գազայում պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 600 զինվորական է կորցրել։