3 մայիսի 2024 - 17:43 AMT
Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խզում են առևտրային կապերն Իսրայելի հետ և դադարեցնում ապրանքաշրջանառությունը, որի ծավալը հասնում է 9․5 մլրդ դոլարի։

«Իսրայելի և Պաղեստինի միջև ծավալված իրադարձություններն անընդունելի են։ Իսրայելը 40-45,000 պաղեստինցու է սպանել։ Մենք, որպես մահմեդականներ, չենք կարող ուղղակի դիտել, ստիպված էինք միջոցներ ձեռնարկել և կատարեցինք այն քայլը, որը պահանջվում էր։ Մեր ապրանքաշրջանառությունը հասնում է 9․5 մլրդ դոլարի, սակայն մենք հիմա կասեցրել ենք այն»,– ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Էրդողանն ասել է, թե ավելի վաղ ԱՄՆ–ում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ, դեռ այս ճգնաժամից առաջ։

«Ես այն ժամանակ հենց այնպես չէի նրա հետ հանդիպում, այլ ցույց տալու համար, որ Թուրքիան և Իսրայելը կարող են միասին որոշ քայլեր անել։ Սակայն պարզվեց, որ Նեթանյահուն անխիղճ է և դրսևորում է այդ անխղճությունը Գազայում երեխաների, կանանց ու ծերերի հանդեպ։ Ամբողջ Արևմուտքը, հատկապես ԱՄՆ–ն, ի շահ Իսրայելի է աշխատում»,–ասել է նա։

Մայիսի 2–ի երեկոյան Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարել է Իսրայելի հետ ներմուծման և արտահանման բոլոր գործողությունների դադարեցման մասին։ Նախարար Օմեր Բոլաթը հայտարարել է, թե Անկարան Իսրայելի դեմ այս առևտրային պատժամիջոցները կպահպանի մինչև Գազայի հատվածում կրակի դադարեցումը։

Photo. AP