11 մայիսի 2009 - 17:22 AMT
Ռուսաստանը «նուրբ դիվանագիտություն» է վարում հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ
Ռուսաստանը «նուրբ դիվանագիտություն» է վարում հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ: Մոսկվան լրջորեն հետաքրքրված է Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցային գործընթացի հաջողության հարցում: Այդ մասին մամլո ասուլիսին հայտնել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «Ռուսաստանը լրջորեն մտադրված է ճեղքելու թուրք-ադրբեջանական հարաբերությունները, եւ դա նրան աստիճանաբար հաջողվում է: Բացի այդ Մոսկվան փորձում է համաձայնության գալ Թուրքիայի հետ Հարավային Կովկասում»,- ընդգծել է թուրքագետը: Նրա խոսքով, Կովկասում Մոսկվայի հիմնական մրցակիցը ԱՄՆ-ն է, եւ ելնելով դրանից, կարելի է ասել, որ Ռուսաստանի հիմնական նպատակն է` Վաշինգտոնը հեռացնել Անկարայից: «Այդ առումով ռուսական դիվանագիտության նպատակները համընկնում են Հայաստանի շահերի հետ` բաժանել Անկարայի եւ Բաքվի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում»,- հայտնել է պրոֆեսորը:

Խոսելով Թուրքիայում կատարված վերջին սոցհարցումների մասին` Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ այդ հարցումների արդյունքներն արտացոլում են թուրքական հանրության տրամադրվածությունը հայ-թուրքական սահմանի բացման հաշվով: «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ լավ գիտի նման տրամադրությունների առկայության մասին եւ նրա հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ ուղղված են միայն կառավարող Արդարություն եւ զարագցում (AKP) կուսակցության վարկանիշը բարձրացնելուն»,- հայտնել է հայ թուրքագետը:

Թուրքական Genar հետազոտական ընկերությունը հասարակական կարծիքի հարցում է անցկացրել, որին մասնակցել են Թուրքիայի 2044 քաղաքացի: Հարցումներն անցկացվել են ապրիլի 17-26 Թուրքիայի 17 խոշոր քաղաքներում: Հարցվածների 67,6% նշել են, որ դեմ են հայ-թուրքական սահմանի բացմանն ու Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, մինչդեռ 32,4% աջակցել են հայ-թուրքական հարաբերություններում նման տեղաշարժի հնարավորությունը: