4 մայիսի 2024 - 14:09 AMT
ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը: Այդ մասին ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ։

Պաշտպանն օգտատերերին հորդորում է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը:

«Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հարգանքը յուրաքանչյուրիս պարտավորությունն է: Անհրաժեշտ է բացառել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում, հարգել նրանց արժանապատվությունը»,–ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ։

Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակությունում կարծրատիպերի, նախապաշարումների վերացման, խտրականության բացառման ուղղությամբ առավել մեծ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը: