6 մայիսի 2024 - 11:03 AMT
Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն, անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որը Բագրատ սրբազանի առաջնորդությամբ Կիրանցից քայլերթ է սկսել դեպի Երևան, հայտարարել է, որ «նրանք ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել»։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։

«Իհարկե մեր երկրում կա խոսքի և հավաքների ազատության իրավունք և նաև 2018 թվականի հեղափողությունն է երաշխավորել դրանց առկայությունը։ Եվ այո, այդ իրավունքները կարող են իրացվել նաև ընդդեմ իշխանությունների, դա ավելի քան նորմալ է և նույնիսկ պարտադիր, քանի որ որևէ իշխանություն անթերի չէ և առողջ քննադատությունն անհրաժեշտ է ինքնահայեցման և ավելի լավը դառնալու համար։

Ցանկացած քաղաքացի և քաղաքական ուժ, որոշ բացառություններով կապված իրենց պաշտոնական կարգավիճակի հետ, կարող է քաղաքական հայտարարություններ և գործողություններ իրականացնել և դա կրկին մեր ժողովրդավարության ձեռքբերումներից է։

Այլ հարց է, որ մեր մյուս քաղաքացիները, ովքեր հետևում են նման գործունեությանը, պետք է հարց տան իրենց, թե որն է դրա նպատակը և ովքեր են հետապնդում այն։ Ինչո՞վ են այդ գործիչները աչքի ընկել անձնապես և որպես քաղաքական կամ հասարակական ուժ, ի՞նչ գլոբալ նպատակներ ունեն, բացի կոնկրետ այդ գործողություններըց։

Եվ եթե այս պրիզմայով ենք անցկացնում այսօր տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները, ամեն ինչ շատ պարզ է դառնում։ Ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են հերթական անգամ առանց ընտրությունների իշխանություն վերցնել, քանի որ գիտեն, որ 2026 թվականին էլ չեն կարողանալու դա անել»,–ասվում է գրառման մեջ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած սահմանազատմանը, որով նախատեսվում է հայկական վերահսկողության տակ եղած 4 գյուղ հանձնել Ադրբեջանին, որի արդյունքում կխախտվի առաջնագիծը, Ադրբեջանի ԶՈւ–ն կմոտենա դեպի Վրաստանի ճանապարհին և գազատարին, երթ է սկսել դեպի Երևան։ Երթն առաջնորդում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նա ասել է, որ Երևանում պահանջելու են, որ սահմանազատման գործընթացը թե Տավուշում, թե այլուր դադարեցվի։ Նրանք նախատեսում են արդեն մայիսի 9-ն հասնել Երևան և այնտեղ շարունակել իրենց ակցիաները:

2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը, որի մասնակից էր նաև Արսեն Թորոսյանը, դիմել էր նմանատիպ գործողությունների։