11 մայիսի 2009 - 17:52 AMT
2009-ին հեռանկարային է լինելու ինովացիոն նախագծերի լիզինգը
Այս տարի շահութաբեր կլինեն ինովացիոն նախագծերի, գյուղատնտեսության, վերամշակող ձեռնարկությունների ֆինանսավորումը, ինչպես նաեւ «ներքին» տրանսպորտի ոլորտը, այն ոլորտները, որտեղ գրանցվել են մեծ թվով մասնավոր ձեռնարկություններ, PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտնել է ACBA Leasing ՓԲԸ վարկային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Արսեն Բազիկյանը: «Մենք հիմնականում աշխատում ենք փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ եւ կշարունակենք հրաժարվել շատ խոշոր նախագծերի ֆինանսավորումից, քանի որ այս պահի դրությամբ մենք դրանք ռիսկային ենք համարում»,- ասել է նա: Այդ կապակցությամբ նա ավելացրել է, որ ընկերությունը հոգ է տանում իր լիզինգային պորտֆելի առողջության մասին: Նրա խոսքով, այս տարի առաջնային է լինելու շուկայի այն հատվածը, որտեղ հիմնական միջոցները նորացնելու անհրաժեշտություն կա եւ կա լիզինգի առարկաների եւ դրանց առաքիչների լայն սպեկտր:

Ինչպես հաղորդել է Բազիկյանը, 2008թ. մեծ թվով գործարքներ են կնքվել ծառայությունների հատկացման ոլորտում, որը շատ լայն է եւ ներառում է բժշկությունը, զբոսաշրջային ընկերությունները, տրանսպորտային ու պրովայդերական ֆիրմաներն ու այն ընկերությունները, որոնք ներկայացուցչական են եւ այլն: «Այս հատվածն առավել պահանջված է հաճախորդների շրջանում, իսկ ընդհանուր առմամբ առավելապես ֆինանսավորվել է արդյունաբերության ոլորտը»,- ասել է նա: Նրա խոսքով, 2008թ. ի վեր եղել են շատ հետաքրքիր նախագծեր, որոնք հանրապետության տարածքում առաջին անգամ են ֆինանսավորվել: Դրանք նախագծեր էին, որոնք կապված են Հայաստանում բիզնեսի նոր տեսակի` փոքր ՀԷԿ-երի հետ, մասնավորապես, դրանց համար նախատեսված սարքավորումների հետ»,- հաղորդել է փոխտնօրենը: