6 մայիսի 2024 - 14:51 AMT
Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին: Զեկուցվել է, որ խնդիրներ են արձանագրվել տրանսպորտային հանգույցներում, թունելներում և փողոցներում:

Նա նշել է, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի։

Համաձայն վարձակալության պայմանգրի՝ Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման և շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է. խողովակաշարերը, դիտահորերն ու անձրևընդունիչ հորերն ամբողջությամբ հանձնված են «Վեոլիա ջուր» ընկերությանը:

«Այս տարի կառավարության մեր գործընկերների ու «Վեոլիա ջուր» ընկերության հետ պետք է գանք մի հանգուցալուծման, որովհետև ամեն մի բակում չենք կարող կոյուղիների հարցով զբաղվել: Մեզ պետք է մի ընկերություն, որն ամբողջ ցանցի պատասխանատվությունն իր վրա կվերցնի»,–ասել է Ավինյանը։

Նա հավելել է, որ ունենք մի իրավիճակ, երբ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք հանգուցալուծում չեն ստանում:

«Երևանցիներին չեն հետաքրքրում պայմանագրային դրույթները, վստահ եմ՝ օբյեկտիվ են պատճառները․․․Ամեն ծառայություն ունի իր գինը, այդ գինը պետք է հասկանանք, որովհետև չենք կարող այս տարի մենք անենք, մյուս տարի մեկին խնդրենք: Պետք է մի սուբյեկտ, որն ամբողջապես պատասխանատու է, այս հարցում ամենավերջին պատասխանատվությունը մերն է. պետական գույք է, համայնքային էլ չէ, չգիտեմ մենք նախորդ տարի իրավունք ունեինք այդ 14 կմ կոյուղին կառուցելու թե ոչ, բայց կարիքը կար, արել ենք: Կա շատ նորմալ դժգոհություն մարդկանց մոտ, և ոչ ոքի հետաքրիր չէ 10 տարի առաջ ինչ պայմանագիր է կնքվել, պետք է փոխվի այդ պայմանագիրը»,- ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքապետի հանձնարարությամբ արդեն մեկ ամիս է՝ ընթանում են գույքագրման աշխատանքներ, որտեղ բացակա է կամ վերակառուցման ենթակա է հեղեղատար համակարգը, կառաջարկվի կազմել քաղաքային ծրագիր: