6 մայիսի 2024 - 18:58 AMT
ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի

Հայաստանն ու Հունգարիան համաձայնության են եկել փոխադարձաբար միմյանց մայրաքաղաքներում դեսպանություններ բացել: Այդ մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն Բուդապեշտում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից ի վեր 1–1.5 տարվա ընթացքում կարողացել են էական առաջանցիկ քայլեր գրանցել, որոնք ուղղված են երկրների տնտեսության բարգավաճմանը, գրում է Արմենպրեսը։

Այս տարվա հուլիսից սկսած տրվելու է նաև երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթի մեկնարկը՝ Wizz Air–ի շնորհիվ:

Նա հավելել է, որ Հայաստանը և Հունգարիան ստորագրել են տնտեսական համագործակցության և երկրների միջև համագործակցության ծրագիրն ու պայմանագիրը, դրա հիման վրա կստեղծվի աշխատանքային խումբ, որն ուղղված կլինի տնտեսական համագործակցությանը, որի խնդիրը կլինի ծավալել և արագացնել տնտեսական կապերը:

«Անցյալ տարի մեր տնտեսական զարգացումն ու շրջանառությունը հասել է 70 տոկոսի: Հունգարական դեղագործական ընկերություններն ավելի ակտիվ են գործում հայաստանյան շուկայում, մեծացնում են իրենց շուկայաբաժինը: Ուրախ եմ, որ եկել ենք եզրակացության, որ պետք է փոխադարձաբար միմյանց մայրաքաղաքներում դեսպանություններ բացենք: Այս պահի դրությամբ ունեինք հյուպատոսարաններ»,–ասել է Սիյարտոն:

Նա ընդգծել է, որ Հայաստանի ու Հունգարիայի միջև լավ ու աշխատող տնտեսական կապերի շնորհիվ հավատացած են, որ վաղուց արդեն ժամանակն է դեսպանություններ բացել երկու երկրներում:

ՀՀ–ն և Հունգարիան վերջերս են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել էին 2012–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, որն այնտեղ ցմահ ազատազրկման էր դատապարտվել։ 44–օրյա պատերազմից հետո Հունգարիան նպաստեց 5 հայ գերու վերադարձին ՀՀ, որից հետո 2022–ի դեկտեմբերին հայտարարվեց հարաբերությունները վերականգնելու մասին։ 2023թ. կայացել է Սիյարտոյի այցը Հայաստան։ Փետրվարի 5-7-ը պաշտոնական այցով Հունգարիայում է եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Ըստ որոշ հրապարակումների, այժմ Հունգարիան արգելափակել է ՀՀ–ին Եվրոպայի հիմնադրամի կողմից աջակցության տրամադրումը՝ պնդելով, որ Ադրբեջանին էլ գումար հատկացվի։