7 մայիսի 2024 - 10:46 AMT
ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է

ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է տեղեկությանը, թե «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել», և հայտարարել է, որ այդ անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է:

«ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է տարածվում: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է»,–ասվում է հաղորդագրության մեջ։

ՊՆ–ն կոչ է արել զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց:

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: Մայիսի 6–ի դրությամբ Ադրբեջանի հետ սահմանին 40 սահմանային սյուն է տեղադրվել։