7 մայիսի 2024 - 15:46 AMT
Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, որը միացել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շարժմանը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ Այս շարժումը կարևոր նշանակություն ունի, այն մեր գոյաբանական պայքարի մաս է։

«Մենք հատուկ եկել ենք՝ աջակցություն հայտնելու սրբազան հոր առաջնորդությամբ շարժմանը։ Այս շարժումը կարևոր նշանակություն ունի, այն մեր գոյաբանական պայքարի մաս է, որովհետև այն պրոցեսը, որը տեղի է ունենում, այսպես կոչված, «սահմանազատումը»՝ սահմանազատում չէ, անօրինական գործընթաց է, միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում, ամբողջությամբ խաթարում է մեր իրավունքները, երկրի անվտանգության համակարգը խաթարող պրոցես է»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա նշել է, որ հայտարարում են, թե այս սահմանազատման պրոցեսն ինչ-որ հանձնաժողովների իրավական ակտերի հիման վրա է կատարվում՝ հավելելով, որ այս հանձնաժողովները որևէ իրավական հիմք չունեն։

«Ես ասեմ ձեզ՝ այս հանձնաժողովները որևէ իրավական հիմք չունեն գործունեության։ Բացի այդ, այս պրոցեսը կոպտորեն նաև հակադրվում է մեր շահերին, որովհետև կարծրատիպ է ստեղծվում, որ իրականացվում է օրինական սահմանազատում։ Դա է պատճառը, որ նաև տարբեր երկրներ, միջազգային կազմակերպություններ անգամ ողջունում են այս գործընթացը՝ ասելով, թե ուրախ են, որ սա համաձայնագրի հիման վրա է տեղի ունենում։ Հատուկ եմ ասում՝ չկա որևէ համաձայնագիր, ինչի մասին է վկայում արդարադատության նախարարության, կառավարության տարածած հաղորդագրությունները, որոնք կոպիտ խախտումներով են»,- ընդգծել է Թաթոյանը։

Նա նաև մտահոգություն է հայտնել, որ խիստ վտանգավոր գործընթաց է սկսվել՝ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։

«Տեսանք, թե ինչպես Խորհրդարանում՝ կառավարող խմբակցության անդամները բացահայտ ձևով թիրախավորում են ՀԱԵ-ին, մասնավորապես՝ Բագրատ սրբազանին, ինչը քրեական օրենսգրքով նախատեսված արարք է։ Սրանով նաև հիմքերին են հարվածում»,- ասել է Թաթոյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ ինքը լինի վարչապետի թեկնածուն, Թաթոյանը նշել է՝ չի եկել այդ հարցը քննարկելու։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած սահմանազատմանը, որով նախատեսվում է հայկական վերահսկողության տակ եղած 4 գյուղ հանձնել Ադրբեջանին, որի արդյունքում կխախտվի առաջնագիծը, Ադրբեջանի ԶՈւ–ն կմոտենա դեպի Վրաստան ճանապարհին և գազատարին, երթ է սկսել դեպի Երևան։ Երթն առաջնորդում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։ Նա ասել է, որ Երևանում պահանջելու են, որ սահմանազատման գործընթացը թե Տավուշում, թե այլուր դադարեցվի։ Նրանք նախատեսում են արդեն մայիսի 9-ն հասնել Երևան և այնտեղ շարունակել իրենց ակցիաները:

Իշխանություններն ասում են, որ թեև սահմանազատումը չի երաշխավորում անվտանգություն, այնուամենայնիվ, սահմանի սահմանազատված հատվածը դա արդեն պետական սահման է, որը խախտելը ավելի դժվար կլինի։