7 մայիսի 2024 - 17:22 AMT
Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետն Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև կապի մասին է, սակայն դա այդպես չէ։

Նա հավելել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման մասին է, գրում է Aysor.am-ը։

«Այդ ապաշրջափակման արդյունքում նաև ընդգծված է երկրից երկիր հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտությունը։ Ադրբեջանն այսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել։ Մենք ասել ենք պատրաստ ենք և կառավարության ծրագիրը շրջանառվում է, որ մենք պատրաստ ենք անցման կետերը դնել, որպեսզի ապահովենք այդ հաղորդակցությունն Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում այդ հնարավորությունից»,-ասել է նա։

Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է։

«Շատ է շահարկվում, որ այդ 9-րդ կետի համաձայն երրորդ կողմը պետք է ապահովի ՀՀ անվտնագության տարածքով։ Նման բան ընդհանրապես գոյություն չունի։ Հակառակը՝ գրված է, որ ՀՀ-ն է երաշխավորողը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա, որ ՀՀ-ի որևէ տարածք պետք է դուրս լինի ՀՀ կառավարության վերահսկողությունից և որևէ կողմ, մասանավորապես ՌԴ-ն այն պետք է վերահսկի։ Նման բան չկա»,–ասել է նա։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Ալիևը հայտարարել էր նաև, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից: