11 մայիսի 2009 - 18:50 AMT
Թուրքիան Հայաստանի հաշվին փորձում է իր համար տեղ բացել Հարավային Կովկասում
«Մենք պետք է սովորենք տարբերել այն, ինչ ասում եւ այն, ինչ անում է Թուրքիան»,- մամլո ասուլիսին հայտնել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, Թուրքիան Հայաստանի հաշվին փորձում է իր համար տեղ բացել Հարավային Կովկասում, եւ հայ-թուրքական բանակցությունների սկիզբը դրա համար լավ խթան է: Սաֆրաստյանն ընդգծել է, որ «Թուրքիայի համար շատ կարեւոր է ցույց տալ, որ ինքը հանդիսանում է հայ-թուրքական բանակցությունների նախաձեռնողը, քանի որ դա եւս մեկ քայլով ԵՄ անդամությանը մոտենալու շանս է»:

«Եթե օգտագործենք ֆուտբոլային տերմինաբանությունը, ապա դեռեւս մենք ենք հաղթում, եւ դա ապացուցվում է հետեւյալով. թուրքերը հրաժարվել են իրենց նախնական սկզբունքներից եւ հրաժարվել են ղարաբաղյան հիմնախնդիրը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապելուց»,- նշել է Սաֆրաստյանը` ընդգծելով, որ խաղը դեռ ավարտված չէ, եւ Հայաստանը պետք է շարունակի Թուրքիայի հանդեպ այն վերաբերմունքը ցուցաբերել, ինչ ամենասկզբում:

«Թուրք քաղաքական գործիչները շատ զգուշորեն են գործում եւ շատ լավ գիտեն իրենց հնարավորությունները, եւ նրանց ողջ նախաձեռնությունը քաղաքականության իմիտացիա է. իրականում Հարավային Կովկասում նրանց հնարավորությունները շատ սահմանափակ են»,- նշել է Սաֆրաստյանը` օրինակ բերելով Թուրքիայի անելանելի դրությունը. «Ռուս-վրացական հակամարտությունից հետո Վրաստանը` որպես դաշնակից թե' տնտեսական, թե' քաղաքական իմաստով այժմ շատ ցածր մակարդակում է գտնվում, իսկ Ադրբեջանը, որի հետ Թուրքիան շատ հույսեր էր կապում, ռուս-վրացական պատերազմի երրորդ օրը շրջվեց Ռուսաստանի կողմը»,- ասել է Սաֆրաստյանը` նշելով, որ հենց դա էլ հայ-թուրքական բանակցությունների մեկնարկի պատճառներից մեկն էր:

Պատասխանելով «ճանապարհային քարտեզի» ստորագրման հնարավորության մասին հարցին` Սաֆրաստյանը հայտնել է. «Բանակցությունները դեռեւս ընթանում են, սակայն Թուրքիան ձգձգելու է գործընթացը` սպասելով Հայաստանի կողմից զիջումներին: Սակայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ հոկտեմբերին ինքը կայցելի Թուրքիա միայն բաց սահմանով, ըստ իս, այն բանի վկայությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ժամանակային շրջանակների մեջ է դրված»: