8 մայիսի 2024 - 11:39 AMT
Կոստանյան․ ՀՀ–ն պատրաստ է խորացնել գործակցությունն ինչպես ՆԱՏՕ–ի, այնպես էլ առանձին անդամ երկրների հետ

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մայիսի 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեում ունեցած ելույթում նշել է, որ շուրջ երեսուն տարի առաջ Հայաստանի միանալը Հյուսիսատլանտյան դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին» կարևոր հիմք է հանդիսացել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հետագա համագործակցության զարգացման համար:

Վահան Կոստանյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնել արդյունքին միտված փոխգործակցությունն ինչպես Դաշինքի, այնպես էլ նրա առանձին անդամ երկրների հետ՝ Հայաստանի պաշտպանական և անվտանգային կարողությունների, ինչպես նաև դիմակայունության բարձրացման ուղղությամբ:

Կարևորվել է նաև Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին, այդ թվում ՆԱՏՕ-ի առաջնորդությամբ Կոսովոյում ԿՖՈՐ առաքելությանը:

Կոստանյանը ՆԱՏՕ-ի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի զարգացումները: Անդրադարձ է կատարվել նաև Դաշինքի անդամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Տարածաշրջանային տնտեսական փոխկապակցվածության զարգացման համատեքստում Վահան Կոստանյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա ընձեռած հնարավորությունները:

Մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգային խնդիրների շուրջ: