8 մայիսի 2024 - 12:35 AMT
ԶԼՄ․ 44–օրյայի ժամանակ սլովակյան լիցենզիայով Իսրայել տեղափոխված զենքը գնել է Ադրբեջանը՝ ԵՄ էմբարգոյով ուղիղ առաքումներն արգելված էին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի Ադրբեջան այցի արդյունքում կարևոր համաձայնագրեր են ստորագրվել ռազմական գործակցության մասին, որոնք ներառում են այդ թվում նաև ռազմատեխնիկական և ռազմակրթական գործակցությունը, գրում է Turan.az-ը։

Պարբերականը գրում է, որ 44–օրյա պատերազմի ժամանակ սլովակյան լիցենզիայով Բրատիսլավայից Իսրայել տեղափոխված և Ադրբեջանի կողմից գնված զենքը կենսական նշանակություն է ունեցել։

«Պատմականորեն այնպես է ստացվել, որ չեխական Strnad ընկերության արտադրության արդիականացված Dana հաուբիցներն ու RM-70 Vampire նռնականետերը վճռորոշ նշանակություն են ունեցել Ադրբեջանի արսենալի համար։ Այդ զենքը, որը սլովակյան լիցենզիայով Բրատիսլավայից Իսրայել է տեղափոխվել և հետագայում ձեռք է բերվել Ադրբեջանի կողմից, կենսական նշանակություն է ունեցել երկրորդ Ղարաբաղյան պատերազմում։

Հաշվի առնելով ԵՄ էմբարգոն, որով արգելվում էր զենք առաքել հակամարտության գոտի, ուղիղ ռազմական մատակարարումները նախկինում անհնար էին։ Սակայն հակամարտության ավարտից հետո այժմ ուղիղ ռազմական փոխգործակցությունը Բրատիսլավայի և Ադրբեջանի միջև հնարավոր է և ճանապարհ է բացում գործակցության ամրապնդման համար»,-ասվում է հրապարակման մեջ։