8 մայիսի 2024 - 12:38 AMT
Գյումրիից երթով շարժվել են դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները երթ են սկսել Գյումրիից դեպի Աբովյան` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։ Երթը մեկնարկել է Յոթ Վերք եկեղեցու դիմացից, հայտնում է Panorama.am-ը։

ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը կժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի հրապարակից ուղղություն կվերցնի դեպի Աբովյան։

«Միանում ենք ճշմարտության երթին։ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը նույն տրամաբանությամբ է ձևավորվել, երթով միանալու ենք Բագրատ սրբազանի գլխավորած ընդդեմ կեղծիքի, ընդդեմ ստի քայլերթին։

Անընդհատ պետք է մեր հայրենիքի կտրոները զոհաբերենք մեր թշնամիների՞ն։ Սա՞ է մեր տրամաբանությունը։ Այդ կեղծ սահմանազատման գործընթացն իրականացվում է մեր ինքիշխանության, մեր սուվերենության հաշվին»,- Գյումրիում քայլերթից առաջ ասել է մասնակիցներից մեկը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ մայիսի 4-ին Կիրանցից քայլերթով սկսել են շարժվել Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած սահմանազատմանը, որով նախատեսվում է հայկական վերահսկողության տակ եղած 4 գյուղ հանձնել Ադրբեջանին, որի արդյունքում կխախտվի առաջնագիծը, Ադրբեջանի ԶՈւ–ն կմոտենա դեպի Վրաստան ճանապարհին և գազատարին, երթ է սկսել դեպի Երևան։ Երթն առաջնորդում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նա ասել է, որ Երևանում պահանջելու են, որ սահմանազատման գործընթացը թե Տավուշում, թե այլուր դադարեցվի։ Նրանք նախատեսում են արդեն մայիսի 9-ն հասնել Երևան և այնտեղ շարունակել իրենց ակցիաները:

Իշխանություններն ասում են, որ թեև սահմանազատումը չի երաշխավորում անվտանգություն, այնուամենայնիվ, սահմանի սահմանազատված հատվածը դա արդեն պետական սահման է, որը խախտելը ավելի դժվար կլինի։