ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցում, անդրադառնալով մայիսի 8–ին Մոսկվայում կայանալիք ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպմանը, հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման օրակարգում կլինեն Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության ապահովոման հարցեր։
«Բանակցությունների օրակարգում են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հարցերը»,- ասել է Զախարովան։
Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Մենք ողջունում ենք այս հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին»,- ասել է դիվանագետը։
Նա շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանմանը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ վերջին շրջանում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում կուտակվել են խնդրահարույց հարցեր, որոնք, ակնկալում է, որ անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև: Խոսելով ՀԱՊԿ–ի հետ կապված խնդիրների մասին՝ Ուշակովն ասել է, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը, թեև դեռևս դուրս չի եկել կազմակերպությունից, բայց չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ նաև ֆինանսավորումից։