10 մայիսի 2024 - 12:05 AMT
ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային

Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, հայտնում է Aysor.am-ը։ Ուսանողները շրջում են համալսարանում և դասադուլի կոչ անում։

ԵՊՀ արհմիությունը կոչ է արել ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ համազգային բողոքի և խաղաղ անհնազանդության միջոցառումներին:

Արհմիությունը միաժամանակ հորդորում է ԵՊՀ ղեկավարությանը որևէ ձևով չխոչընդոտել խաղաղ անհնազանդության և բողոքի միջոցառումներին միանալու ցանկություն հայտնած ԵՊՀ դասախոսների և աշխատողների քայլերին:

Մայիսի 9–ին Հանրապետության հրապարակի հանրահավաքում դասադուլի կոչով ուսանողներին էր դիմել Բագրատ սրբազանը, որը առաջնորդում էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան։

Մայիսի 10–ին Հանրապետության հրապարակում, որտեղ գիշերել է մայիսի 9–ի հանրահավաքի մասնակիցների մի մասը, Բագրատ սրբազանը հայտարարել է, որ մտադիր են շարժվել դեպի ԵՊՀ։

«Գործողությունների ընթացքն այսպիսին է։ Նախ ուզում եմ այցելել բուհեր, հանդիպել մեր ուսանողներին, որոնք արդեն որոշակի պատրաստակամություն հայտնել դասերը դադարեցնել»,-ասել է սրբազանն ու կոչ արել անհնազանդության, անհամաձայնության խաղաղ գործընթացներ կատարել, հայտնում է Panorama.am-ը։

Արքեպիսկոպոսն ասել է, որ ժամը 18։30-ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում, մինչ այդ մի քանի խորհրդակցություններ կանցկացնեն։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմամարդ հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։

Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։

Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովորւմ նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։