10 մայիսի 2024 - 13:49 AMT
«Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ութերորդ մրցանակը շնորհվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, գինեկոլոգ, բժիշկ Դենիս Մուկվեգեին:

Նա Կոնգոյի «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի նախագահն է, որը հիմնադրել է 1999 թվականին՝ մայրական առողջության և մայրական մահացության համակարգային խնդիրը լուծելու նպատակով: Շարունակվող հակամարտության ևւ պատերազմից բխող առողջապահական կարիքների պայմաններում՝ հիվանդանոցը դարձել է հակամարտությունների ժամանակ սեռական բռնության ենթարկվածների բուժման առաջատար կենտրոններից մեկն աշխարհում:

«Ավրորա» մրցանակի 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգևը կուղղվի համայնքներում մարդասիրական գործունեություն իրականացնող անհատների աջակցությանը:

«Բժիշկ Մուկվեգեն իր կյանքը նվիրել է ոչ միայն սեռական բռնության դաժանությունից տուժած կանանց եւ աղջիկների խնամքին, այլեւ անկոտրում պայքար մղել նրանց իրավունքների պաշտպանության համար»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

Հիվանդանոցի ստեղծումից ի վեր բժիշկ Մուկվեգեն և նրա թիմն օգնել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սեռական բռնությունից տուժած ավելի քան 80,000 մարդու: 2018 թվականին նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Դենիս Մուկվեգեն Լոս Անջելեսում ընդունել է «Ավրորա» մրցանակն ի պատիվ աշխարհի բոլոր այն մարդկանց, որոնք պայքարում են հանուն գենդերային հավասարության եւ ընդդեմ բռնաբարության՝ որպես պատերազմի զենքի:

«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը ներկա հյուրերը փառաբանեցին նաև «Ավրորայի» մյուս երկու հերոսներին՝ իրավապաշտպան Աբդուլհադի ալ-Խավաջային, որն անվեհեր պաշտպանել է ամենախոցելի համայնքների իրավունքները Բահրեյնում ու Մերձավոր Արեւելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, եւ իրանցի հայտնի իրավապաշտպան Նասրին Սոթուդեին: